ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Առաջին բացահայտ գործողությունը, որ արեցինք անկախությունձեռք բերելուց հետո, երկիրը թողնել-գնալն էր»

«Առաջին բացահայտ գործողությունը, որ արեցինք անկախությունձեռք բերելուց հետո, երկիրը թողնել-գնալն էր»
30.01.2009 | 00:00

«ՄԵՐ ՓՈՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՆՑԱՆՔՆ Է»
…և ոչ միայն մշակույթի մասին

Մեր զրույցը ՀՀ ժողովրդական նկարիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ ոմանց կարող է համակել հոռետեսությամբ, ոմանց համար էլ դառնալ խորհելու և սխալներն ուղղելու լավագույն առիթ: Վարպետի պնդմամբ` պատասխանները շարադրելիս անփոփոխ ենք թողել նրա խոսելաոճը։
«ՄԵՐ ՄԵՋ ՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ՄԸ ԿԱ ԱՅՍՕՐ, ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԸ ԿԱ, ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԿԱՐԾԵՔ, ՊԵՏՔ ՉԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ»
-«Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ»:
Վարպե՛տ, Իսահակյանի այս կանխատեսումը մեր ժամանակների՞ն է վերաբերում:
-Մեր մշակույթի, մեր հոգևոր կյանքի մեջ, անշուշտ, որոշ ճգնաժամային վիճակ կա: Կասկած չկա՝ բան մը կա, որ խաթարվել է: Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել կամ տարածվիլ, բայց ամենակարևոր փաստը, որ ինձ շատ է մտահոգում, Երևան քաղաքի վիճակն է: Գիտե՞ք, մենք բացառիկ բախտ ունեցանք, որ Թամանյանի պես մի մարդ հայտնվեց մեր ժողովրդի կյանքում: Դա բոլորովին անսպասելի էր, ինչպես բոլոր սուրբերը, մեծ մարդիկ էլ են գալիս անսպասելի: Նրանք աշխատում են իրենց ժողովրդի համար, հետո խաչվում են՝ սպանվում կամ վռնդվում: Թամանյանի պարագային այդպես չեղավ, զինքը չսպանեցին, թեև դա էլ հնարավոր էր 37 թվին, բայց իրեն գործն են սպանում, իրեն գործն են խաթարում: Մենք ունեցանք բացառիկ մշակութային արժեք, որ ո՛չ գիրք էր, ո՛չ սիմֆոնիա էր, ո՛չ նկար էր: Դա քաղաք էր՝ մի մեծ գիրք, մեծ սիմֆոնիա, մեծ նկար: Մենք ապրում էինք սովետական տոտալ ռեժիմի մեջ, և հանկարծ մի մարդ է գալիս ու ստեղծում ազգային մի քաղաք, որի նմանը երևի հազար տարի առաջ ենք ունեցել, ինչպես, ասենք, Անին: Եվ սա հատուկ արժեք էր, որը չէր կարելի համեմատել եղած մյուս արժեքներու հետ: 600 տարի ստրկության մեջ ապրող մեր ժողովրդին տրվեց ազգային դիմագիծով մի քաղաք, և ինչպե՞ս ենք վերաբերվում այսօր այդ քաղաքին: Սրանից ավելի լավ ապացույց չկա, որ մշակութային այլասերման մեջ ենք: Այդ մարդու գործին ձե՞ռք տալ, այդ մարդու գործը խաթարե՞լ: Դա նույն բանն է, որ Չարենցի գիրքեն էջեր հանեն, պատռեն, դեն նետեն կամ Սարյանի նկարի վրա աշխատեն, մի մասը կտրտեն-հանեն: Մարդիկ եղան, որ իր ողջության օրոք էլ նրան չէին հանդուրժում կամ չէին հասկանում ու սկսում էին իրեն գործը պղծել: Իսկ անկախության շրջանում դա հասավ իր գագաթնակետին: Հակառակ ատոր՝ եղան հետևորդներ, որոնք, շարունակելով իր մտածողությունը, քաղաքի մեջ՝ շատ փողոցներում, շատ տեղերում գործեր ստեղծեցին, որոնց արժեքը հիմա ավելի կզգանք, երբ այսպես կապականվի մեր քաղաքը: Եթե այսօր չփրկենք մեր քաղաքը, հետզհետե կունենանք սովորական մի քաղաք, ինչպես աշխարհի վրա գոյություն ունեցող հազարավոր քաղաքներ, որոնք ուղղակի բնակավայրեր են, ուր մարդիկ բնակվում են: Այս իմաստով իսկապես հոգևոր խանգարում կա հայ ժողովրդին մեջ: Չեմ ուզում ուրիշ օրինակներ բերել: Միայն այս օրինակը բավական է՝ ասելու, որ մեր մեջ հոգևոր անկում մը կա այսօր, նյութապաշտություն մը կա, և հոգևոր արժեքները, կարծես, պետք չեն մարդկանց:
-Պարադոքս չէ՞, արդյոք. երբ տոտալիտար հասարակարգի պայմաններում ենք ապրել, երբ ենթարկվել ենք արտաքին ճնշումների, ու մեզ պարտադրել են հրաժարվել մեր ազգային ինքնությունից, ստեղծել ենք ազգային նկարագիր ունեցող քաղաք, իսկ երբ ձեռք բերեցինք անկախություն և կարող էինք հավատարիմ մնալ մեր ազգային նկարագրին, խեղաթյուրեցինք այն:
-Դա դժվար բացատրելի հարց է, բայց փաստ է: Դա էր հրաշքը, որ սովետական անաստված և ապազգային ռեժիմի ժամանակ, երբ վտանգված էր մեր եկեղեցին, Թամանյանն ստեղծեց մի ճարտարապետություն, որում ապաստանում էր մեր ոգին, մեր եկեղեցական ճարտարապետությունը: Թամանյանը հայկական ճարտարապետության ստեղծողը և պաշտպանողն էր, մեր հոգևոր հիմքը պաշտպանողը:
«ՄԵՐ ԱՅՍ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՉԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ, ՉԵՆՔ ՄՏԱԾԵԼ ԱՅՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
-Այսինքն՝ արտաքին ճնշումը մեզ օգնում է հավատարիմ մնալու ինքներս մեզ և հակադրվելով բռնացողին՝ չդավաճանե՞լ մեր տեսակին:
-ՈՒրիշ բան կարող էի ասել: 600 տարի ստրկության մեջ ապրելով, հայը, որ ընդունակ է, ստեղծագործող է, ձևավորել է իր համար մի գաղափարաբանություն՝ ինքն իր հարցերը մինակ պետք է լուծի և պետքը չունի ուրիշներու, հատկապես՝ ազգակիցներու ո՛չ օգնության, ո՛չ էլ միջամտության: Լավագույն դեպքում ինքը կրնա իր ազգակիցը ոչնչացնել և ապրիլ իրեն համար, իր գոյությունը պաշտպանել: Երբ որ օտարի ճնշումի տակ ես, դուն չես կրնա ազգակցիդ հետ գործակցիլ, ուրեմն պետք է գլխիդ ճարը մինակդ տեսնես: Եվ քանի որ հայերն ընդունակ էին, գիտեին հող մշակել, առևտուր անել, տիրապետում էին արհեստներու, իրենք իրենց պահում էին՝ իբրև անհատների: Այսինքն՝ հայ ազգը միշտ եղել է անհատներու հավաքածու, ոչ թե հավաքական մի ուժ, քանի որ դա բացառված էր օտարության մեջ՝ ըլլա Օսմանյան կայսրության ժամանակ, թե ցարական Ռուսաստանի կամ սոցիալիստական կարգերի: Ես այն համոզմունքին եկած եմ, որ 600 տարվա ընթացքին ոչ մի անգամ չեն եղել մի խումբ հայեր, որոնք մտածեն իրենց անկախ պետականությունը վերականգնելու մասին: Մեր պատմության մեջ հիշվում են մի քանի անուններ՝ Իսրայել Օրի, Հովսեփ Էմին, Դավիթ Բեկ, որոնք ավելի լավ տեր են փնտրել, ուզեցել են իրենց վրա իշխողին փոխել, ավելի լավ իշխողի ենթարկվիլ: Չեն մտածել ոչ մի անգամ անկախ պետականություն ստեղծել: Շատ դժվար հարց պետք է ըլլար մասնատված ժողովրդին մեջ հավաքել մի խումբ, որը կարողանար համատեղ մտածել ու կազմակերպվիլ: Այս վիճակին համակերպված՝ ապրում էին: Եվ մեր այս անկախությունը մենք ինքներս չենք ստեղծել, չենք մտածել այն ունենալու մասին:
«ՄԵՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ Ո՛Չ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ, Ո՛Չ ԷԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԷԻՆՔ. ՀԱՆԿԱՐԾ ԿԱՆԳՆԵՑԻՆՔ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ»
-Անկախությունը մենք ունեցանք ինքնաբերաբա՞ր, իբրև խորհրդային կայսրության փլուզման հետևա՞նք:
-Նույնիսկ առաջին հանրապետությունն այդպես ստեղծվեց և գոյատևեց ընդամենը 30 ամիս: Ռուսներն ու թուրքերը երկու կողմեն մտան ու ոչնչացրին այն: Այդպես էլ, երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, երբ Ելցինն ասաց, թե այլևս Սովետական Միություն գոյություն չունի, մեզ տվեցին մեր փոքրիկ աթոռը, և մենք անկախ պետություն եղանք: Մենք անկախությանը ո՛չ սպասում էինք, ո՛չ էլ պատրաստված էինք. հանկարծ կանգնեցինք կատարված իրողության առջև: Եվ առաջին բացահայտ գործողությունը, որ արեցինք անկախություն ձեռք բերելուց հետո, երկիրը թողնել-գնալն էր:
«ԱՇԽԱՐՀԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ»...
-Մենք խնդիրներ ունենք Եվրախորհրդի հետ: Փորձում ենք այդ խնդիրների սրման պարագայում հայացքներս ուղղել դեպի Ասիա: Սա և՞ս նոր տեր, նոր իշխանություն փնտրելու մեր սովորույթով է բացատրվում:
-Նոր տեր փնտրելն ամենապարզունակ իրավիճակն է: Կա մի այսպիսի իրողություն. ամեն երկիր, ամեն պետություն իր տեղը, իր չափն ունի երկրագնդի վրա: Մերը շատ փոքր է՝ իբրև ֆիզիկական արժեք: Քանի որ աշխարհը ղեկավարվում է նախ և առաջ ֆիզիկական գործոններով, ուրեմն դուն, եթե փոքր ես, որևէ ձևով չես կարող հետաքրքիր լինել, չես կարող քո ներկայությունդ զգացնել, քո ցանկացածը պարտադրել: Քեզ հետ վարվելու են այնպես, ինչպես որ վարվում են փոքրի հետ: Փոքրին խփում են, դեն են հրում, փոքրից չեն վախենում: 20-րդ դարում տեղի ունեցավ երկու համաշխարհային պատերազմ, և երկուսի ժամանակ էլ մենք ամենատուժող ազգը եղանք, որովհետև փոքր էինք: Եթե թուրքերն իրենց առջև ունենային ոչ թե երեք, այլ երեսուն միլիոն հայ, հո չէի՞ն կարող տանել Դեր Զոր ու ոչխարի պես մորթել: Մեր փոքրությունը մեր հանցանքն է, եթե կուզես իմանալ: Իրականին մեջ դուրս է գալիս, որ մեծերը փոքրերուն չեն սիրում: Եվ փոքրությունը գտնում են թերություն ու պատժում են:
«ՓՈԽԱՆԱԿ ԱՅՍՕՐ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ, ՈՐ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆ ՍՏԵՂԾՈՂԸ, ՈՉ ԹԵ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՑՈՎ»
-ՈՒրեմն` ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ Բարաք Օբաման իր նախընտրական արշավի ընթացքում անվերջ թմբկահարում էր հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքը և, փաստորեն, նրանց աջակցությունը փնտրում այդ մեծ երկրի նախագահը դառնալու գործում:
-Կարևոր հարց ես առաջ քաշում: Մենք, որ ամեն պարագային ընտրություններեն առաջ վազում ենք թեկնածուին քովը և ասում, որ մեր քվեները կծախենք նրան, միայն թե ընդունի ցեղասպանությունը, դրանով ընտրակաշառքի ենք վերածում մեր հարցը, գործարքի մեջ ենք մտնում: Արդեն 50 տարի այդ գործով զբաղված խումբը, կարող եմ ասել, ամենաանպատվաբեր և վիրավորական բանն է անում. բոլոր այն պետությունները, որոնց դիմում են հայերը, 1918 թվականին ուրացան հայոց ցեղասպանությունը: ՈՒրեմն` դուն դիմում ես ուրացողներուն: Այսօր, Ֆրանսիայում նստած (իսկ Ֆրանսիան թքած ունի հայերուն վրա), զահլա են տանում, օրենք են պահանջում, որ ուրացողին պետք է պատժել, իսկ մենք դիմում ենք հենց այն պետություններուն, որոնք ուրացան հայոց ցեղասպանությունը: Այդ մարդկանց անունն ի՞նչ դնես: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Ամերիկայի պրեզիդենտը զզվելի ճանճերի պես քշում է հայերին և չի արտասանում ցեղասպանություն բառը, իսկ մենք երեսներիս թուքը սրբում ենք ու ասում, թե անձրև եկավ: Չափազանցո՞ւմ եմ արդյոք ես:
-Այդ քայլերին հակակշռող Ձեր ծրագիրը, մոտեցումները կարո՞ղ եք առաջարկել:
-Անշուշտ, կարող եմ, այդ մասին հոդված եմ գրում: Ես ինչ որ քեզի ըսի, իմ հոդվածի թեզերն էին: 1922 թվականին մի խումբ արևմտահայ դաշնակցականներ ստեղծեցին «Հայկական Նեմեսիս» կազմակերպությունը: Առաջին անգամ պատմության մեջ նրանք որոշեցին, որ պետք է պատերազմի ոճրագործներուն բռնել, դատել ու հաշվեհարդար տեսնել: Փաստորեն մի խումբ քաջ հայորդիներ դահիճներուն պատժեցին և այդ բանն արեցին՝ առանց ուրիշի օգնության, առանց ուրիշից արտոնություն խնդրելու: Եվ փոխանակ այսօր հպարտանանք ու պրոպագանդենք, որ մենք ենք առաջին միջազգային դատարանն ստեղծողը, մենք ենք ոճրագործներուն առաջինը պատժողը, ոչ թե Նյուրնբերգը, ներկայանում ենք լացով, ողբով, թե մեզ ծեծել են, բռնաբարել են, սպանել են: Մրցում ենք հրեաների հետ, թե առաջին զոհը մենք ենք եղել: Այդ քաջերը մեզ մի պատգամ են թողած՝ քու գործդ քու ձեռքով արա, առանց ուրիշի օգնության. ինչչափ կարող ես, այդչափ արա: Եթե մեկուկես միլիոնի փոխարեն քո ուժերովդ կարողանում ես գոնե ոճրագործներուն պատժել, այդ արա: Իսկ պատժել չի նշանակում անպայման, թե պիտի շարունակենք մարդ սպանել: Պետք է պատժենք՝ ինչով կարողանանք՝ սպորտի մեջ հաղթելով, արվեստի մեջ հաղթելով: Մենք պիտի նրանց խփենք՝ ինչով կարողանանք, պիտի ցույց տանք մեր գերազանցությունը, մեր արժեքը՝ ինչպես կարողանանք: Ահա սա է իմ ծրագիրը:
«ՂԵԿԱՎԱՐՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ, ԵԹԵ ԵՆԹԱՐԿՎՈՂԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՆՐԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ»
-«Իրավունքը de facto»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը մեր երկրի առաջընթացի համար կարևոր նախապայման է համարում այն, «…որ սովորական քաղաքացին հասկանա, որ իր սեփական պետությանը հարկեր չվճարելով՝ հանցագործություն է գործում, և դա ազգային դավաճանության պես մի բան է»: Մեր օլիգարխները երբևէ կունենա՞ն այս գիտակցումը:
-Ինչի մասին որ խոսում եմ քեզ հետ այս պահուն, խորքային հարցեր են, օրվա հարցեր չեն, հնուց եկող հարցեր են: Ինձ չի հետաքրքրում` այդ մարդիկ ինչ կանեն: Ինձ հետաքրքրում է ժողովրդի ընդհանուր վիճակը: Հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, և այսօր պետք է ունենանք: ՈՒ փոխանակ թողնեն՝ մեր պետությունն ստեղծենք (ինչպես որ կարող ենք՝ տուրք վճարելով-չվճարելով), մեզ ասում են՝ այս բանը պիտի անես, այս բանը պիտի չանես, հակառակ պարագային՝ քեզի չենք կարող ընդունել: Հիմա մենք շատ վտանգավոր վիճակի մեջ ենք: Երկու մեծ պետություններու՝ Ռուսաստանի և Ամերիկայի շահերը բախման մեջ են, և մենք այդ բախման կետին շատ մոտ ենք: Մենք շատ մեծ վտանգի առջև ենք կանգնած, բայց մեզ որևէ բան չեն էլ հարցնում: Ո՞վ ենք, որ հարցնեն: Չեն էլ նկատի, կտրորեն ու կանցնեն: ՈՒ այդ վիճակի մեջ դեռ իրար ենք ուտում, հայհոյում, ծեծում, սպանում, բանտարկում: Փոխանակ այս աննպաստ վիճակում մտածել եղածը պաշտպանելու մասին՝ համերաշխությամբ, գործակցելով, ենթարկվելով, 50 տեսակ կուսակցություն են ստեղծել: Մարդը եթե ապրում է այս պետության մեջ, պետք է ենթարկվի այս պետությանը, պետք է պաշտպանի այն, գործակցի նրա հետ: Ղեկավարն արժեք չունի, եթե ենթարկվողը համաձայն չէ նրան ենթարկվել:
-Ձեր ստեղծագործական կյանքը չի՞ խաթարվում այս մտահոգությունների բովում:
-Ո՛չ, չի խաթարվում: Ես անհատ մըն եմ, որ ապրում եմ իմ կյանքով, սիրում եմ նկարել, նկարչությամբ ընտանիքս պահել: Այնպես որ, եթե չնկարեմ, ավելի լավ բան չեմ կարող անել ո՛չ ինձ համար, ո՛չ շրջապատիս: Դրա համար էլ զբաղված եմ իմ գործով: Պիտի ուզեի, որ իմ բոլոր ասածները սխալ ըլլային, կյանքն ուրիշ ըլլար, բայց հիմա այս է վիճակը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6325

Մեկնաբանություններ